BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Տեսան, որ 70-80 տոկոս ձայն ունի, ստիպեցին, որ թեկնածությունը հանի»

«Տեսան, որ 70-80 տոկոս ձայն ունի,  ստիպեցին, որ թեկնածությունը հանի»
30.05.2014 | 00:38

Թվում էր, թե մեկ տարի առաջ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դաժան սպանությունից հետո կավարտվի սկանդալային միջադեպերով հայտնի մարզպետի դարաշրջանը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսի 2-ին Սուրեն Խաչատրյանի տան մոտ սպանվեց Ավետիք Բուդաղյանը: Այդ սպանությունից հետո հասարակական ճնշման և ԶԼՄ-ների արձագանքների արդյունքում ձերբակալվեցին մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահը` Զարզանդ Նիկողոսյանը: Սուրեն Խաչատրյանն ազատվեց մարզպետի պաշտոնից: Մի քանի ամիս անց, պաշտպանության նախարարության քննչական մարմնի որոշմամբ, նախկին մարզպետի որդին ու թիկնապահը ազատ արձակվեցին, նրանց նկատմամբ դադարեցվեց քրեական հետապնդումը:
Օրեր անց Գորիսում պետք է կայանան քաղաքապետի ընտրությունները: Այս ընթացքում Գորիսի քաղաքապետի պաշտոնում իրենց թեկնածությունն առաջադրեցին սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը, և նրա ընկերը` Տիգրան Կարապետյանը: Որոշ ժամանակ անց երկուսն էլ դուրս եկան ընտրապայքարից: Այսօր Գորիսում «մրցակցում» են ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը, ով վայելում է նախկին մարզպետի հովանավորությունը, և անկուսակցական Հրայր Յոլյանը:
Օրեր առաջ էլ ծեծկռտուքով ուղեկցվող միջադեպ է գրանցվել Գորիսում: Սուրեն Խաչատրյանի եղբորորդին` Էյներ Խաչատրյանը, ընկերների հետ ծեծի է ենթարկել Գորիսի բնակիչներ Գոռ և Արթուր Հարությունյաններին:
Այսօր մեր թերթի հարցերին պատասխանում է Ավետիք Բուդաղյանի հայրը` ԷՄԻԼ ԲՈՒԴԱՂՅԱՆԸ:

-Պարոն Բուդաղյան, ինչո՞ւ քաղաքապետի թեկնածու, Ձեր որդու ընկեր Տիգրան Կարապետյանը վաղաժամ դուրս եկավ ընտրապայքարից:
-Ճնշում գործադրեցին, դուրս եկավ:
-Ձեր որդու վրա եղե՞լ են ճնշումներ:
-Բացարձակ:
-Իսկ եթե ճնշումների պատճառով դուրս էին գալու, ո՞րն էր, այդ դեպքում, առաջադրվելու նպատակը:
-Սկզբում էլ նախապատրաստված են եղել ճնշումներին, դրա համար էլ իմ տղան իր թեկնածությունը դրել էր, որ ընկերոջ վրա ճնշումներ չգործադրեն: Երբ տղաս հանեց իր թեկնածությունը, Տիգրանին էլ ստիպեցին, որ հանի իր թեկնածությունը:
-Ովքե՞ր են ճնշումներ գործադրել:
-Կառավարությունը:
-Կոնկրետ ովքե՞ր:
-Դե՜, իմ ներկայությա՞մբ է եղել, որ իմանամ, թե ովքեր են:
-Իսկ Ձեր որդին և նրա ընկերը հիմա Գորիսո՞ւմ են:
-Բա որտե՞ղ պետք է լինեն:
-Որևէ ձևով ընտրապայքարին չե՞ն մասնակցում:
-Բացարձակ:
-Իսկ Սուրեն Խաչատրյանի հովանավորյալի շանսերն ինչպե՞ս եք գնահատում:
-Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը եկել էր, սոցհարցում էր արել, տեսել, համոզվել, որ Տիգրան Կարապետյանը 70-80 տոկոս ձայն ունի: Դրա համար էլ վախեցան, ստիպեցին, որ թեկնածությունը հանի:
-Հնարավո՞ր է, որ գորիսցիներին կաշառելով, ահաբեկելով ստիպեն Սուրեն Խաչատրյանի հովանավորյալին ընտրել:
-Դե, բա դա են անում, ուրիշ ի՞նչ պիտի անեն:
-Իսկ վերջին դեպքերի մասին ի՞նչ կասեք: Սուրեն Խաչատրյանի եղբորորդին` Էյները, ծեծել է Գորիսի բնակիչներ Գոռ և Արթուր Հարությունյաններին:
-Ես նրանցից ոչ մեկին չեմ ճանաչում: Չգիտեմ էլ, թե ինչ է կատարվել, ինչ չի կատարվել:
-Իսկ դատարան ներկայացված բողոքների մասին ի՞նչ կասեք: Ձեր փաստաբանը շարունակում է պայքարել դատական ատյաններում` ապօրինի որոշումների դեմ:
-Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև Եվրադատարան:
-Բայց նույն կերպ կարող են փաստաբանի, դատարանների վրա էլ, չէ՞, ճնշումներ գործադրել:
-Փաստաբանի վրա ճնշումներ չեն կարող գործադրել, դատարանների վրա կարող են:
-Սուրեն Խաչատրյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում ծեծել, ահաբեկել է տարբեր մարդկանց, ինքն ու իր մերձավորները ներգրավված են եղել սպանությունների ու բռնությունների մեջ: Բայց տեսել ենք նաև, որ վախի ազդեցության տակ Գորիսում մարդիկ խուսափում են այդ մասին ահազանգելուց, ցուցմունքներ տալուց:
-Էդ հետևությունները Դուք արեք, ոչ թե ես: Ես մինչև վերջ պայքարելու եմ, ես լռելու ոչ մի միտում չունեմ: Էդ ուղղությամբ չեմ էլ մտածում:


Զրույցը`
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԻ

Դիտվել է՝ 1566

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ